Լոնդոնի Բրունել համալսարանում մասնակցում էի Առաջնորդության Միջազգային Դասընթաց 2022ին
Ծրագրին մասնակցում էին 18 երկրներից 44 մասնակից, որոնց շատերի հետ դարձանք լավ ընկերներ:
Տարբեր թեմաներով թրեյնինգների շատ եմ մասնակցել, բայց երբեք չեմ համարել, որ գիտեմ ամեն ինչ, և այդ իսկ պատճառով միշտ ունեմ պահանջ նոր գիտելիքներ յուրացնելու: Այս թրեյնինգին եկել էի կոնկրետ ակնկալիքներով ու հիմա վստահաբար կարող եմ ասել, որ այս փորձառությունը կյանք փոխող էր, քանի որ այդ հմտությունների բացակայությունը ինձ շատ էր խանգարում անձնական և գործնական կյանքում:
📌 Իրականում ձեռք բերված հմտությունները շատ պարզ երևույթներ են, որոնց մասին մենք շատ ենք լսել, բայց բազում խնդիրներից ելնելով Հայաստանում դրանց քչերն են տիրապետում, սակայն ովքեր տիրապետում են միանշանակ հաջողում են: Շնորհիվ Լոնդոնի մասնագետների պրոֆեսիոնալության, ստեղծված ազատ ու անկաշկանդ մթնոլորտի, թիմբիլդնինգների, խմբային աշխատանքների, ձախողումների և ձեռքբերումների ընդամենը օրերի ընթացքում դու ազատվում ես շատ կարծրատիպերից, սկսում ես նայել հարցերին այլ տեսանկյունից, փոխվում ես ու դառնում ավելի լավը:
Ի՞նչ կարևոր հմտություններ սովորեցի՝
1️⃣ Պլանավորում. պլանավորելը գործելու հիմքն է, մանրամասն պետք է քննարկել, գրել, կազմել ամեն ինչ, հնարավոր ամեն դետալ, ճիշտ պլանավորումը աշխատանքի կեսն է: Եթե ունեք 5 ժամ ծառը կտրելու համար, 4 ժամ սրեք կացինը: Այն թիմերը, որոնք մանրամասն չէին պլանավորում աշխատանքը և դերերի բաշխումը ձախողեցին թիմային աշխատանքները, ներառյալ մեր թիմը:
2️⃣ Կոմունիկացիա. կոմունիկացիան ամեն ինչ է: Խոսել, կիսվել, լսել, քննարկել, հասկանալ, ընդունել և փոխել: Չի կարող լինել որևէ առողջ հարաբերություն առանց նշված կետերի: Մենք բոլորս տարբեր ենք, ընդունում ենք երևույթները տարբեր ձևերով, մի բան, որը պարզ կամ ակնհայտ է մեկի հետ, կարող է լինել տարբեր մյուսի համար, առանց մանրամասն կոմունիկացիայի մենք չենք կարող իրար ճիշտ հասկանալ: Եթե մենք չենք խոսում, ուրեմն մենք չենք ճանաչում իրար, եթե մենք չենք ճանաչում իրար, մենք չենք կարող երկար ճանապարհ անցնել:
3️⃣ Հետադարձ կապ (ֆիդբեք). չափազանց կարևոր բան, որը գրեթե բացակայում է մեր մոտ, քանի որ շատերը չունեն լսելու ունակություն ու կարծում են, որ իրենք են միակ բացարձակ ճշմարիտը: Ցանկացած խնդրի դեպքում պետք է ուղղակի հանգիստ նստել քննարկել, հարցնել «ինչն եմ ես սխալ անում» և ասել, թե ինչ փոփոխութուն կուզեիր տեսնել դիմացինի մեջ: Լսելով ու ընդառաջելով իրար շատ արագ խնդիրները լուծվում են:
4️⃣ Թիմային աշխատանք. «եթե ուզում ես գնալ արագ, գնա միայնակ, եթե ուզում ես գնալ հեռու, գնա թիմով»: Դու միայնակ ոչ մեկին պետք չես, հաղթում են միայն ուժեղ թիմերը: Թիմի անդամ կամ ղեկավար լինելու համար ամենակարևորը ակտիվ կամ ճտպտ լինելը չէ, այլ ստեղծել միջավայր, որտեղ բոլորը կարտահայտեն իրենց մտքերը ու թիմը կկայացնի որոշում, քանի որ շատ հաճախ լավագույն մտքերը կրում են մարդիկ, ովքեր քչախոս են և գուցե ազատ չզգան արտահայտվելու համար: Լավ ղեկավարը նա է, ով լսում և ընդգրկում է մյուսներին:
🎯 Ամեն ինչ շատ պարզ է հնչում, բայց իմանալը մի բան է, սովորել ու կիրառելը՝ մեկ այլ: Այս մի քանի հմտությունները յուրացնելու արդյունքում տեսնում ես, թե ինչպես է փոխվում կյանքդ, հարաբերություններդ, աշխատանքդ ու հասկանում ես՝ ինչու են որոշ մարդիկ, ընտանիքներ, բիզնեսներ, հասարակություններ, երկրներ հաջողել, իսկ մյուսները՝ ոչ:
Ես փորձում եմ հնարավորինս կիսվել իմ համեստ գիտելիքներով ու փորձով, քանի որ վստահ եմ, որ միայն կրթվելով, փոխվելով և դրանք տարածելով մենք կարող ենք դարձնել մեզ և շրջապատող կյանքն ավելի լավը:
Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ունեցել են իրենց ներդրումն այս ծրագրում, հատուկ շնորհակալություն Tigranuhi Aleksanyan-ին ու Future in Our Hands ( Ապագան՝ մեր ձեռքերում)-ին աջակցության համար: